National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.02.2012
Մամուլի ասուլիս Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ
1 / 5

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա  նիստի աշխատանքները փետրվարի 23-ին հանձնաժողովի համանախագահներն ամփոփեցին մամուլի ասուլիսում:

Արտակ Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց նիստում քննարկված երկու զեկույցների մասին` նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում  քաղաքացիական հասարակությունների զարգացման ու աղքատության կրճատման հիմնախնդիրներին: Առաջին զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին` ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում  ընդունելու ակնկալիքով: Արտակ Զաքարյանի գնահատմամբ` այդ զեկույցը  խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան  գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության  հետ համագործակցելու ճանապարհին: Սոցիալական նշանակության` աղքատության դեմ պայքարին վերաբերող հաջորդ  զեկույցը նախնական էր, այն  դեռ քննարկման լրացուցիչ փուլեր անցնելու կարիք ունի:   Արտակ Զաքարյանը նկատեց, որ  հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ցուցանիշը բարձր էր, ներկա էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Այս հանձնաժողովը, համանախագահի ներկայացմամբ,  Եվրանեսթի ԽՎ-ում միակն է, որտեղ հնարավոր է լինում փոխհամաձայնության գալ եւ միասնական որոշումներ ընդունել:

Հանձնաժողովի լիտվացի համանախագահ  Լայմա Լյուչիա Անդրիկիենեն լրագրողներին ասաց, որ գոհ է առաջին անգամ կազմակերպած արտագնա նիստի աշխատանքների արդյունքներից: Տկն. Անդրիկիենեն երկօրյա քննարկումները  գնահատեց արգասաբեր եւ որպես առանձնահատկություն նշեց ծավալված բաց բանավեճը, որն էլ ավելի հետաքրքիր դարձավ հայկական պլատֆորմի եւ երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ԵՄ-ի, միջազգային առաքելությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մարդու իրավունքներին, կրթության եւ հեռուստատեսության օժանդակությանը, մարդկանց տեղաշարժի ազատությանը վերաբերող հարցեր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ուշագրավ համարեց, որ կանանց դերի բարձրացմանը նվիրված քննարկումն ամենաթեժն ու աշխույժը ստացվեց:

Համանախագահները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Հակամարտությունների կարգավորման մեջ Եվրանեսթի ԽՎ-ն ներգրավելու հնարավորության առնչությամբ Արտակ Զաքարյանը նկատեց` հարցը քննարկվել է դեռեւս վեհաժողովի կանոնադրությունը մշակելիս, եւ հայկական կողմը պնդել է ձեւակերպումներում  խուսափել անդրադառնալ հակամարտությունների կարգավորումներին: Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ  համակարտությունների կարգավորումն ու մասնավորապես ԼՂ հարցը դուրս են Եվրանեսթի գործունեության շրջանակներից: Լիտվացի համանախագահի կարծիքով` խորհրդարանն այն միջավայրն է, որտեղ հնարավոր է ու պետք է փոխհամաձայնության գալ, սակայն ոչ լուծումներ գտնել: Չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ նույնպես համագործակցելու մասին հարցին ի պատասխան տկն. Անդրիկիենեն խոստացավ տեղեկություններ փոխանցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումներից հետո:

Պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը ցանկություն ունի մասնակցելու Բաքվում կայանալիք լիագումար նիստի աշխատանքին:

Վերջում տկն. Անդրիկիենեն ասաց, որ գոհ է ոչ միայն երեւանյան նիստի աշխատանքների արդյունքներից,  այլ նաեւ տպավորված  մեր երկրի գեղեցկությունից:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am